«Փյունիկ»-ը երրորդ տարին անընդմեջ տիրացավ Հայաստանի գավաթին
SportՀակոբ Տոնոյանի անվան ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակչում Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հաղթեց «Միկա»-ին և երրորդ անգամ անընդմեջ տիրացավ գավաթին: «Փյունիկ»-«Միկա»՝ 3-1:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած եզրափակչում գործող գավաթակրին հաջողվեց 4-րդ րոպեին բացել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ռազմիկ Հակոբյանը: Րոպեներ անց (10`) «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում. նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան: Իրար հաջորդող գրոհներից մեկի ժամանակ` 31-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը դարձավ նաև դուբլի հեղինակ: Չէր անցել 4 րոպե, Սեզար Ռոմերոն տուգանային անկրկնելի հարվածով հաշիվը դարձրեց 3-1:
Երկրորդ կեսում «Փյունիկ»-ը տիրում էր նախաձեռնությանը: Խաղի 72-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ Արտակ Գրիգորյանը և «Միկա»-ն մնաց 10 խաղացողներով: «Միկա»-ի կատարած մի շարք փոփոխությունները չտվեցին ցանկալի արդյունք և «Փյունիկ»-ն իր պատմության մեջ 8-րդ անգամ տիրացավ Հայաստանի գավաթին:
Երևանի «Փյունիկ»-ը մինչ այս Հայաստանի գավաթին տիրացել էր ևս 7 անգամ: Նախորդ երկու տարիներին ընթացքում «Փյունիկ»-ն առավելության էր հասել հաջորդաբար Գյումրու «Շիրակ»-ի և Կապանի «Գանձասար»-ի նկատմամբ: «Փյունիկ»-ին է պատկանում նաև Հայաստանի գավաթի խաղարկության արդյունավետության ռեկորդը` 43 գնդակ: