Հայաստանը որևէ կապ չունի ադրբեջանական բախման հետ. պարզաբանում
SportԹբիլիսիում կայացած Շոտոկան կարատեի աշխարհի առաջնության ժամանակ պատահած վիճաբանության տեսանյութը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում: Խոսվում էր այն մասին, որ բախում է եղել հայ և ադրբեջանցի մարզիկների միջև: Հայաստանի ավանդական կարատեի ասոցիացիայի նախագահ Վյաչեսլավ Հարությունյանն armsport.am-ի հետ զրույցում հերքեց Հայաստանի թիմի մարզիկների ներգրավվածությունը՝ պարզաբանելով իրավիճակը.
Նշենք, որ Հարությունյանը, ով աշխարհի կարատեի միության ներկայացուցիչ է, ներկայացրել է Հայաստանի թիմը տվյալ մրցաշարում:
«Միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկներ: Համամցանցում տարածում գտած տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի մարզիկը վիճել է, չի համապատասխանում իրականությանը: Մենամարտի ընթացքում վիճաբանություն է առաջացել, որը միանգամից նկարահանել են և ներբեռնել համացանց:
Այդ վիճաբանությունից հետո էլ մրցաշարը շարունակվել է, և մեր պատվիրակությունը որևէ վեճի ու իրարանցման մասնակից չի եղել: Ինքս՝ որպես երրորդ անձ խոսելու եմ շոտոկան կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ, ով խոստացել է պատժել ապատեղեկատվություն տարածող մարմիններին»:
Հավելենք, որ Թբիլիսիում կայացած մրցաշարից Հայաստանը վերադարձել է 4 ոսկե, 7 արծաթե և 5 բրոնզե մեդալներով: