Չինաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում
International newsՉինաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Պեկինում ճանաչողական այցով գտնվող Հայաստանի և Բելառուսի լրագրողների պատվիրակությունների հետ հանդիպմանն այս մասին ասաց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինը: «Թեև Հայաստանը և Չինաստանը աշխարհագրական դիրքերով միմյանցից բավական հեռու են, սակայն դա չի խանգարում, որ կողմերը արդյունավետ համագործակցեն միմյանց հետ: Հայ և չինացի ժողովուրդները միմյանց հետ համագործակցել են դեռևս հին ժամանակներից, երբ գործում էր Մետաքսի ճանապարհը, և հիմա էլ այդ համագործակցությունը շարունակվում է: Չինաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում, հատկապես տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում»,- ընդգծեց Գոպինը:
Նա նկատեց, որ Հայաստանը հին երկիր է, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն և հրաշալի պատմություն: Խելացի և աշխատասեր հայ ժողովուրդը մեր օրերում էլ լծվել է իր երկիրը զարգացնելու և շենացնելու գործին: Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը գտնում է, որ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Չեն Գոպիննն ընդգծեց, որ Չինաստանը շահագրգռված է, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի խորանան:
Փոխնախարարը նաև նկատեց, որ Հայաստանին և Չինաստանին կապում է ոչ միայն տնտեսական համագործակցությունը: Չինաստանի երկու նահանգներում իրենք հայկական ծիրան են աճեցնում: «Հայկական ծիրանն այս պահին աճում է չինական հողում և դարձել է հայ-չինական բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ»,- եզրափակեց Չեն Գոպինը: