Ռուս-ամերիկյան ճգնաժամային հարաբերությունների պատասխանատվությունն ընկած չէ ՌԴ-ի վրա. Լավրով
International newsՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամի պատասխանատվությունն ընկած չէ Ռուսաստանի վրա: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անցկացրել են շարունակական և անկեղծ խոսակցություն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ: Սերգեյ Լավրովը շեշտել է, որ մեզ վրա չի ընկած պաշտոնական Վաշինգտոնի հետ ճգնաժամային հարաբերությունների պատասխանատվությունը»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ կառուցողական փոխգործակցությանն ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային ասպարեզում, քանի որ երկու երկրներն ունեն հատուկ պատասխանատվություն գլոբալ անվտանգության և կայունության համար:
Ռուսաստանի ԱԳ նախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում: