Եմենում մեկ օրում զոհվել է մոտ 90 մարդ
International newsԵմենի մայրաքաղաքում մայիսի 11-ին տեղի ունեցած արաբական դաշինքի ռմբակոծության հետևանքով զոհվել է մոտ 90, վիրավորվել՝ 300 մարդ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, հիմնական հարվածներն ուղղվել են Սանայում գտնվող հրթիռային բազայի ուղղությամբ:
Նախատեսվում էր, որ մայիսի 9-ի երեկոյան զինադադար կսկսվի հինգ օր տևողությամբ, որպեսզի հնարավոր լիներ մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր բնակիչներին: Սակայն, եմենա-սաուդական սահմանին շարունակվում է ծայրահեղ լարված իրավիճակը:
Սաուդական օդանավերի ռմբակոծության հետևանքով ավերակների է վերածվել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհի տունը, որը գտնվում էր մայրաքաղաք Սանայում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սաադա քաղաքի Նուշուր հովտում ռազմական օդանավ է ընկել: Օդաչուի ճակատագիրը դեռևս անհայտ է:
Եմենում արդեն երկրորդ ամիսն է Սաադա և Հաջջա նահանգները ուժեղ ռմբակոծության են ենթարկվում:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողություններ սկսելու մասին, որը կրում է «Հույսի վերականգնում» անվանումը: