Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան
International newsՀայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը` մեկնաբանելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպման արդյունքները:
«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը: Այժմ մենք նման երկխոսության կազմակերպության հնարավորություն ենք փնտրում»,- ասել է Ուորլիքը: Դիվանագետի խոսքով, միջնորդների դերը կայանում է հենց բանակցությունների շրջանակների նախապատրաստման մեջ: «Մենք շուտով տարածաշրջան կայցելենք նախագահների հանդիպումը նախապատրատելու նպատակով»,- հայտնել է Ուորլիքը:
Դրական գնահատելով Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները` Ուորլիքը նշել է, որ իր տպավորությամբ, հակամարտության բոլոր կողմերը ցանկանում են խնդրի խաղաղ կարգավորման հասնել: «Ես հավատում եմ, որ թե’ նախագահ Սարգսյանը, թե’ նախագահ Ալիևը, ցանկանում են բանակցությունների միջոցով լուծում գտնել այս հակամարտությանը, մի հակամարտություն, որը չափից ավելի երկար է շարունակվում, որն արդեն չափից ավելի մարդու կյանք է խլել: Մենք ցանկանում ենք այս ամենին վերջ դնել»,- ասել է համանախագահը: Դիվանագետի խոսքով, տարածաշրջան նախատեսված այցի ընթացքում միջնորդները կարող ենք հանդիպել նաև ԼՂ իշխանությունների հետ: