Սիրիական բանակն ու «Հըզբոլլահը» զինյալներին քշել են Կալամունի շրջանից
International newsՍիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում մայիսի 13-ին թեժ բախումներ են սկսվել լիբանանյան բանակի և «Իսլամական պետության» ու «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների հետ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բախումներն ընթացել են լիբանանյան Արսալ գյուղաքաղաքի մերձակայքում: Ռազմական գործողությունների ժամանակ հրթիռներ ու հրետանի է գտագործվել, ինչը լիբանանյան բանակին ստիպել է տարածվել շրջանում: Մյուս կողմից՝ բախումները շարունակվում են Սիրիայի Կալամունի շրջանում՝ «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորման զինյալների և սիրիական բանակի ու «Հըզբոլլահի» միջև: Տեղեկություններ կան, որ սիրիական բանակն ու «Հըզբոլլահը» թեժ պայքարից հետո շրջանից վտարել են զինյալներին:
Թեժ պայքար է ընթանում նաև Իդլիբի նահանգի Ջիսր Շուղուր քաղաքի հիվանդանոցի մերձակայքում սիրիական բանակի ու զինված ընդդիմադիրների միջև: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ սիրիական օդուժը ռմբակոծում է Հոմսի նահանգում ահաբեկչական խմբավորումների դիրքերը:
Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահդ Ջասիմ ալ Ֆարիջն այցելել է Հալեպի նահանգի Սինաիա և մերձակա շրջանների ռազմակետեր:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: