Եմենում զինադադարը խախտվել է հայտարարվելուց հետո մեկ ժամ անց
International newsԵմենում հայտարարված զինադադարը մեկ ժամ է տևել: Սաուդական օդանավերը օդային հարվածներ են հասցրել եմենյան Սաադա և Հաջջա քաղաքների ուղղությամբ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նաև ռումբեր են ընկել Եմենի հարավ-ամրևմուտքում գտնվող Աբյան քաղաքում շիա ապստամբների՝ հոուսիների դիքերին: Բացի այդ, Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ նույնպես ռումբեր են արձակվել: Եմենի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ ռմբակոծվել են Նաջրան և Ջազան շրջանները: Թեժ մարտեր են սկսվել Եմենի Ադեն քաղաքի մի քանի շրջաններում:
ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը հասել է Ադենի նավահնագիստ: Սաուդյան Արաբիան 540 միլիոն դոլարի օգնություն կցուցաբերի Եմենին: Այս մասին հայտարարել է երկրի թագավոր Սալման բն Աբդ ալ Ազիզը:
Համաձայն պայմանավորվածության՝ զինադադարը պետք է շարունակվի հինգ օր, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր բնակիչներին:
Եմենում արդեն երկրորդ ամիսն է՝ Սաադա և Հաջջա նահանգները ուժգին ռմբակոծության են ենթարկվում:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողությունների սկսելու մասին, որոնք կրում են «Հույսի վերականգնում» անվանումը: