Սահակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահին առընթեր բարեփոխումների խորհրդի ղեկավար
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի անհատական կազմը՝ դրա ղեկավար նշանակելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին: Համապատասխան հրամանագիրը հրապարակված է Ուկրաինայի նախագահի կայքում:
Խորհրդի կազմում ընդգրկվել են նաեւ Շվեդիայի նախկին վարչապետ եւ ԱԳ նախկին նախարար Կարլ Բիլդտը, Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոքը, Սլովակիայի նախկին վարչապետ Միկուլաշ Ձուրինդան, Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը եւ ուրիշներ:
Բացի այդ, բարեփոխումների խորհրդի անդամ է դարձել ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի հարցերի կոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնը:
«Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհուրդը Ուկրաինայի նախագահին առընթեր մարմին է, որի հիմնական խնդիրը միջազգային առաջավոր փորձի հիման վրա Ուկրաինայում բարեփոխումների անցկացման վերաբերյալ առաջարկություններ եւ հանձնարարականներ ներկայացնելն է»,- ասված է Պորոշենկոյի հրամանագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: