Ովքե՞ր են ժամանակակից ֆուտբոլային աստղերի կուռքերը
SportՖուտբոլային կուռքեր ունեն ոչ միայն ֆուտբոլասերները, այլև իրենք` ֆուտբոլիստները: Զլատան Իբրահիմովիչը բրազիլացի Ռոնալդոյի մեծ երկրպագուն է, Էդեն Ազարը երազում է նմանվել Զինեդին Զիդանին, Պոլ Պոգբայի համար օրինակելի է Կակայի կերպարը...
Ներկայացնում ենք ժամանակակից ֆուտբոլի մի քանի առանցքային խաղացողների ֆուտբոլային կուռքերին:
Մարկո Ռոյս և Թոմաշ Ռոսիցկի
Մարկո Ռոյսը «Արսենալի» կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկու, ում խաղադաշտում «դիրիժորական» կարողությունների համար կնքել են «Փոքրիկ Մոցարտ» անունով, մեծ երկրպագուն է: Նա խոստովանել է, որ փորձել է կրկնօրինակել չեխ կիսապաշտպանին: Ռոյսը նշել է, որ փորձում է նմանվել Ռոսիցկուն բոլոր հարցերում` անգամ հագնվելու:

Սերխիո Ագուերո և Մայքլ Օուեն
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոստովանել է, որ Մայքլ Օուենի մեծ երկրպագուն է: Ագուերոյի համար Օուենն Անգլիայի առաջնությանը հետևելու պատճառ է հանդիսացել: Ագուերոն բազմիցս ասել է, որ ԱՊԼ-ն գերադասում է Լա Լիգայից և A սերիայից, ու Օուենն այդ հարցում մեծ ազդեցություն է ունի:

Ֆերնանդո Տորրես և Կիկո
«Լիվերպուլի» և «Չելսիի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորրեսը Կիկոյի` հարազատ «Ատլետիկոյի» նախկին հարձակվողի երկրպագուն է: Կիկոն խաղադաշտում առանձնանում էր իր տեխնիկական հնարքներով, ունակություններով: Իսպանիայի առաջնությունում անցկացրած 271 խաղում նա 60 գոլի հեղինակ է դարձել:
![]()
Էդեն Ազար և Զինեդին Զիդան
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը 10 համարի մարզաշապիկն է նախընտրում կրել, որովհետև նրա մանկության կուռքը` Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականում այդ համարով էր հանդես գալիս: Բելգիացին ցանկանում է նմանվել ֆրանսիացի լեգենդին, սակայն նրան հավասարվելու համար դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Ազարը հույս ունի` երբևէ Զիդանի նման հանճարեղ ֆուտբոլիստ կդառնա: Զիդանն էլ մեկ անգամ չէ,որ գովաբանել է Ազարին:

Անդրես Ինյեստա և Խոսեպ Գվարդիոլա
1999 թվականին, երբ «Բարսելոնայի» մինչև 15 տարեկանների թիմի ավագն Ինյեստան էր, Պեպ Գվարդիոլան կատալոնական ակումբի առաջին թիմում էր խաղում: Երբ Ինյեստան սկսել է մարզվել «Բարսելոնայի» առաջին թիմի հետ, Գվարդիոլան խաղընկերներին ասել է. «Այս տղան մեզ բոլորիս պատրաստվում է թոշակի ուղարկել»:
Ինյեստայի ֆուտբոլային կուռքը եղել է հենց Գվարդիոլան, ով հետագայում Անդրեսին հիացրել է նաև մարզչի կարգավիճակով:

Պոլ Պոգբա և Կակա
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ասել է, որ Անդրեա Պիրլոն և Փոլ Սքոուլզը մինչև հիմա էլ իր կուռքերն են, սակայն նրա գլխավոր կուռքը Կական է: Չնայած թուրինյան թիմի կազմում հանդես են եկել Զիդանի, դել Պիեռոյի կամ Պավել Նեդվեդի պես հանճարներ, ֆրանսիացին ոգեշնչվել է բրազիլացու խաղով:

Զլատան Իբրահիմովիչ և Ռոնալդո
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բրազիլացի լեգեդի, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի` Ռոնալդոյի մեծ երկրպագուն է: Ըստ Իբրահիմովիչի` Ռոնալդոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Երկու հարձակվողներն էլ խաղացել են «Ինտերում», «Միլանում» և «Բարսելոնայում»:
![]()
Խամես Ռոդրիգես և Կառլոս Վալդերամա
Խամես Ռոդրիգեսը հիանալի հանդես եկավ Մունդիալ 2014-ում, 6 գնդակ խփեց ու արժանացավ մրցաշարի «Ոսկե խաղակոշիկին»: 23-ամյա ֆուտբոլիստը երկրպագում է իր հայրենակից Կառլոս Վալդերամային, սակայն հույս ունի` առաջ կանցնի իր կուռքից: Նշենք, որ Կառլոսն ինքն էլ երկրպագում է երիտասարդ ֆուտբոլիստին, գովեստի խոսքերի արժանացնում հատկապես Բրազիլիայում տեղի ունեցած առաջնությունում ելույթների համար:

Լեո Մեսսի և Պաբլո Այմար
Մի՞թե զարմանալի է, որ մանուկ ժամանակ Լեո Մեսսին հիացել է Պաբլո Այմարի խաղով: Այմարը տեխնիկապես լավ պատրաստված, ստեղծագործելու հմտություններով օժտված հարձակողական ոճի կիսապաշտպան էր: Նա առաջ գնաց հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, որտեղ օգտագործեց իր դրիբլինգն ու դաշտը տեսնելու կարողությունը` հարմար պահեր ստեղծելով իր բոլոր խաղընկերների համար: Մեսսին նույն բանն է անում, սակայն արդեն ժամանակակից ձևով:

Կրիշտիանու Ռոնալդու և Լուիշ Ֆիգու
Ռոնալդուն հարցազրույցներում նշել է, որ իր համար օրինակ է եղել Լուիշ Ֆիգուն: Նայելով Ֆիգուի խաղին` Կրիշտիանուն երազել է հանդես գալ ազգային հավաքականի կազմում:

Մարսելո և Ռոբերտո Կառլոս
Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյի կուռքը հայրենակից Ռոբերտո Կառլոսն է: «Բոլորը գիտեն, որ իմ կուռքը Կառլոսն է: Մինչև հիմա նրա հետ խոսելիս հուզվում եմ»,-ասել է Մարսելոն:

Սերխիո Ռամոս և Պաոլո Մալդինի
Ռամոսը իր կուռքերի շարքում նշել է Պաոլո Մալդինիի, «Ռեալի» ներկայիս մարզչական անձնակազմի ներկայացուցիչ Յիերոյի, արգենտինացի Կլաուդիո Կանիջայի, Ռոնալդոյի, Ռիվալդոյի անունները, սակայն իսպանացուն առանձնակի տպավորել է Մալդինին: Ռամոսը բազմիցս ասել է, որ ցանկանում է Մալդինիի նման հանճարեղ պաշտպան դառնալ:
