Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների ճանաչման հարցում սատարում է ՀՀ-ին
PoliticsԱթենքում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանում առանձնազրույց է ունեցել խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ միջխորհրդարանական կապերը հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ, եւ խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով նպաստում է փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը: Նա կարևորել է խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:
Առանձնազրույցից հետո ԱԺ փոխնախագահը եւ Հունաստանի խորհրդարանի խոսնակը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:
Ասուլիսին Ազգային ժողովի փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանի խոսնակին ապրիլի 22-23-ը Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու համար:
Նա Զոյի Կոնստանտոպուլուին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովն առաջիկայում կստեղծի «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» հանձնախումբ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի խորհրդարանի խոսնակին առաջարկել է նման հանձնախումբ ձեւավորել նաեւ Հունաստանի խորհրդարանում` նշելով, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջիկայում նման կոչով դիմելու է այլ երկրների խորհրդարանների ևս:
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ հարկավոր է պայքարել հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդդեմ պատերազմի, բարբարոսության եւ ցեղասպանության:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել հիմնախնդրի շուրջ Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: Ազգային ժողովի փոխնախագահն անթույլատրելի եւ դատապարտելի է համարել հակամարտության ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ՝ նշելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Հունաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին վերահաստատել է, որ Հունաստանը կողմ է ԼՂ հակամարտությաÕ ¶ բացառապես խաղաղ կարգավորմանը:
Զոյի Կոնստանտոպուլուն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի խորհրդարանին եւ, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ մարտի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման պայքարում Հայաստանի կողքին է: