Միացյալ Թագավորությունում կայացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված պատարագ
International newsՎեսթմինսթերի աբբայությունում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ներկայությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հիշատակի և գոհաբանության պատարագ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Արքայազն Չարլզը, ՄԹ վարչապետ Դեվիդ Քեմերոնը, հասարակական-քաղաքակ ան գործիչներ, Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև վետերաններ և նրանց ընտանիքի անդամներ: Արարողությանը ներկա է եղել նաև ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Եկեղեցական արարողությունն իրականացվել է Վեսթմինսթերի աբբայության ռեկտորի կողմից: Ուղերձով է հանդես եկել Քենթերբերիի արքեպիսկոպոսը: Արարողությունից հետո Լոնդոնի կենտրոնական փողոցներով անցնող շքերթով եզրափակվել են Միացյալ Թագավորությունում անցկացվող` Հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները:
Մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Կայսրական պատերազմական թանգարանին հարող Ջերալդին Մերի Համսֆորթ Պարկում, որին ներկա են եղել քաղաքապետեր, բրիտանացի հասարակական-քաղաքական գործիչներ, վետերաններ:
Լոնդոնում հավատարմագրված ԱՊՀ երկրների (այդ թվում` Հայաստանի) դեսպանները և դիվանագետները ծաղկեպսակ են զետեղել Պարկի տարածքում տեղադրված պատերազմի սովետական հուշարձանին: