ՀՀ ԱԺ-ն կհիմնի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային միջխորհրդարանական պլատֆորմ
PoliticsՀայաստանի Հանրապետության խորհրդարանը նախատեսում է հիմնադրել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին, ովքեր իրենց ջանքերն են ներդրել ընդդեմ ցեղասպանություն հանցագործության, համակար գել ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում միջազգային հանրության պայքարը, իրենց մասնակցությունը բերել այս պլատֆորմի ձևավորմանը»,- նշեց Բաղդասարյանը:
Նա հույս հայտնեց, որ մոտ ապագահում միջազգային համագործակցության այդ պլատֆորմը միասնական պայքարի արդյունավետ հարթակ կարող է դառնալ՝ ավելացնելով մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների կանխարգելման, համամարդկային արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների , անվտանգ և ապահով զարգացման, խաղաղարար նախաձեռնությունների աջակցման, հակամարտությունների կանխարգելման, հասարակությունների միջև վստահության ձևավորման գործում:
Նա վստահություն հայտնեց, որ ձևավորվելիք պլատֆորմի շրջանակներում ավելի կարժևորվեն խորհրդարանականների և միջազգային կազմակերպությունների գործուն մասնակցությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցերում: «Ժամանակակից աշխարհում դեռևս բաց են մնում քաղաքական, իրավական և արժեքային տարբեր հարցադրումներ, և «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմի հիմնական խնդիրը կարող է համարվել այդպիսի հարցերի շուրջ համատեղ քննարկումը»,- եզրափակեց Բաղդասարյանը: