Արաբական դաշինքը մինչև վերջ կշարունակի պայքարել շիաների դեմ
International newsԱրաբական դաշինքը կշարունակի ռմբակոծել շիա ապստամբների դիրքերը մինչև նրանց վերջնական հանձնվելը: Այս մասին մայիսի 19-ին հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Ահմադ Ասիրին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նա նաև ավելացրել է, որ դաշինքի գործողությունների վերսկսման պատճառը ոչ միայն զինադադարի ժամանակ հոուսիների կատարած խախտումներն են, այլ նաև մարդասիրական օգնության հափշտակումը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ մարդասիրական օգնությունն իր նպատակներին չի հասել, քանի որ «Անսար Ալլահ» շարժման անդամները յուրացրել են այն:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ.-ի հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց Նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ անց շիաների` մարտի 25-ին Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որի ավարտից հետո ռազմական գործողությունների մյուս փուլը կոչվել է «Հույսի վերականգնում»: