ԱԺ նիստ. կառավարության ներկայացուցիչները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ
PoliticsԱզգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Մայիսի 19-ին խորհրդարանը շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը:
Այնուհետև ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թեւան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ «Հանրաքվեի մասին» գործող օրենքն ընդունվել է 2001թ-ին, որից հետո կատարվել են որոշ փոփոխություններ, սակայն դրանք չեն առնչվել առաջարկվող փոփոխություններին: Պատգամավորը տեղեկացրել է, որ օրենքում առաջարկվում է մեծացնե լ այն ժամկետը, որն անհրաժեշտ է հանրաքվեի նշանակման եւ անցկացման համար: Գործող օրենքով այն նախատեսվում է 45-60 օր, առաջարկում են այն փոխել 55-65 օր: Օրենքի նախագծում հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձևավորման ժամկետներին, դիտորդական առաքելության իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը եւ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված լինելու դեպքում դրա ուժի մեջ մտնելուն, հանրաքվեի դնեիք նախագծին կողմ կամ դեմ արտահայտվողների համար հավասար պայմանների ապահովմանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջև» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի մարման ժամկետով ՀՀ-ին կտրամադրի 3.5 մլն եվրո վարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում եւ Սևան քաղաքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձռքբերմանը, ինչպես նաեւ նոր աղբավայրի կառուցմանը:Համաձայնագրի քննարկումը կշարունակվի մայիսի 20-ի նիստում:
Ժամը 16:30-ին կմեկնարկի կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում պատգամավորները հնարավորություն կունենան իրենց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ կառավարության անդամներից: