Սաուդյան Արաբիան մոտ 200 հրթիռներ է արձակել Եմենի սահմանային շրջանների ուղղությամբ
International newsԵմենի մայրաքաղաք Սանայի բնակիչները տեղեկացրել են, որ արաբական դաշինքի օդանավերը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մայիսի 20-ի գիշերը ռմբակոծել են մայրաքաղաքը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ռմբակոծություններն ուղղվել են զինպահեստների և ռազմական հենակետերի ուղղությամբ, առաջացած պայթյունների հուժկու ձայները լսելի են եղել ժամեր շարունակ: Մյ ուս կողմից շարունակվել է փոխադարձ ռմբակոծությունը եմենասաուդական սահմանին, մասնավորապես Նաջրան շրջանում: Շիաների կողմնակից աղբյուրների տեղեկացմամբ` Սաուդյան Արաբիան մոտ 200 հրթիռ է արձակել Եմենի սահմանային շրջանների ուղղությամբ:
Ներկայումս Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող Եմենի կառավարությունը հայտարարել է, որ համաձայն չէ բանակցություններ սկսել հոուսիների հետ, եթե նրանք չնահանջեն Եմենի քաղաքներից ու չհանձնեն զենքերը:
Եմենում հակամարտող կողմերը զինադադարի մասին համաձայնության էին եկել խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Զինադադարն ուժի մեջ է մտել մայիսի 12-ի երեկոյան և ավարտվել մայիսի 17-ին:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ անց շիաների` մարտի 25-ին Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում սկսել է «Վճռականության փոթորիկ» գործողությունները, որի ավարտից հետո ռազմական գործողությունների մյուս փուլը կոչվել է «Հույսի վերականգնում»: