Մանուչարյան. Կարող եմ մարզվել միայն մեկ ամսից
SportՀայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանն ընթացիկ մրցաշրջանում այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:
«Վնասվածքի պատճառով մեկ ամիս չեմ մարզվել, ուղեղի թեթև ցնցում ունեի: Մարզումների ժամանակ, ամենայն հավանականությամբ, չկարողացա դիմանալ ծանրաբեռնվածությանը, ցավ զգացի աքիլեսյան գարշապարի հատվածում, բայց բժշկին խնդրեցի ցավազրկել, քանի որ ցանկանում էի թիմին օգնել «Դինամոյի» հետ խաղում:
Խաղի առաջին ժամվա ընթացքում ոչինչ չէի զգում, բայց երկրորդ կեսում հերթական արագացման ժամանակ ոտքս ցավեց, և մարզչին խնդրեցի փոխարինել ինձ: Երեկ բուժզննում եմ անցել, բժիշկը հաստատել է, որ աքիլեսյան գարշապարի վնասվածք է: Բժշկի կանխատեսմամբ կարող եմ մարզվել միայն մեկ ամսից»,- Մանուչարյանի խոսքերը մեջբերված են «Eurofootball»-ից:
Այսպիսով, Էդգար Մանուչարյանը բաց կթողնի ոչ միայն Ռուսաստանի առաջնության վերջին տուրերի` «Տորպեդոյի» ու «Թերեքի» հետ խաղերը, այլև Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայի ընտրանու հետ Հայաստանի հավաքականի տնային մրցավեճը, որը կայանալու է հունիսի 13-ին: