Ո՞ւր մնացին ԲՀԿ-ի քաղաքական շոուները
PoliticsՉնայած նրան, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրեն հռչակեց ընդդիմադիր քաղաքական ուժ, այնուամենայնիվ, նրա գործողություններում ընդդիմադիր լուրջ քայլեր մինչ օրս չեն նկատվում, դեռ մի բան էլ ավել՝ ԲՀԿ-ն կառավարությունից էժան գներով տարածքներ է ստանում:
ՀՀ կառավարությունից «քաղաքական ապաստան» ստանալու եւ ԲՀԿ-ի հետագա քայլերի մասին Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ.
«Եթե ՀՀ կառավարությունը տարածք է տրամադրում՝ դա դեռեւս ոչինչ չի նշանակում: Թե ԲՀԿ-ն հետագա ինչ գործունեություն կծավալի, դեռ չենք կարող ասել: Նա այսօր ընդդիմադիր է խաղում, բայց չի բացառվում, որ վաղը համագործակցի քաղաքական տարբեր ուժերի հետ` կոալիցիա կազմի եւ այլն: Գիտենք, որ ԲՀԿ-ից դուրս եկավ այն խավը, որը համարվում էր ֆինանսապես կայուն, սակայն, ի հեճուկս այս ամենի, ԲՀԿ-ն ունի ներուժ, բայց, այնուամենայնիվ, ֆինանսական աջակցությունը կարեւոր է: Նկատենք, որ ԲՀԿ-ն գրպանային կուսակցությունից վերածվեց սովորական կուսակցության»:
Հնչեցված տեսակետին, որ այլընտրանք լինելով՝ ԲՀԿ-ն ժամանակին ավելի ընդդիմադիր կոչերով էր հանդես գալիս, պատգամավորը նկատեց. «Շատերը հենց քաղաքական կոչերի եւ հայտարարությունների վրա են հիմնվում, սակայն ասեմ, որ քաղաքական ուժը կարող է շատ ավելի կոռեկտ կոչեր անել, սակայն ավելի սկզբունքային հանդես գալ: Այսօրվա նրանց կոչերն, ինչ խոսք, ծայրահեղ ընդդիմական չէի համարի. պարզապես նրանց կեցվածքն է ընդդիմադիր: Նրանք պետք է աշխատեն նախկին ԲՀԿ-ի կմախքի վրա, որպեսզի հաջողություններ գրանցեն:
Ընդդիմադիր դաշտում իրենց տեղը գրավելու եւ ժողովրդի վստահությունը շահելու համար ԲՀԿ-ն պետք է պայքարի: Ասեմ, որ դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ: Նրանք իրենց տարածքներում պետք է լավ աշխատեն եւ պահեն իրենց կադրերին: Այսօրվա դրությամբ ընդդիմադիր դաշտում արմատական ընդդիմության եւ լավ լիդերի պահանջ կա, սակայն հարց է, թե արդյո՞ք այդ տեղը կարող է գրավել ԲՀԿ-ն»:
Հարցին, թե ինչու են քչացել ԲՀԿ-ի քաղաքական շոուները, Լ. Ալեքսանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի քաղաքական շոուները քչացել են, եւ դա բնական է: Այն ժամանակ նրանք հզորություններ ունեին դրա համար էլ շոու էին անում: Այսինքն ասածին կարող էր հաջորդել լուրջ քայլ, գործողություն, իսկ հիմա դեռ այդպես չէ: Այն քաղաքական ուժը, որը հանդես է գալիս հզոր կոչերով, սակայն չի կարողանում կյանքի կոչել իր նախագծերը եւ խոստումները, նշանակում է, որ որպես քաղաքական ուժ վերանում է»:
Սոսե Չանդոյան