Եղիսաբեթ Երկրորդը հավաստեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի անցկացումը
International newsՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, մայիսի 27-ին խորհրդարանում հանդես գալով գահական ճառով եւ ներկայացնելով առաջիկա խորհրդարանական տարում կառավարության գործունեության ծրագիրը, հայտարարել Է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն տեղի կունենա մինչեւ 2017 թվականի վերջը: «Նախնական օրենսդրական միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն անցկացվի մինչեւ 2017 թվականի վերջը»,-ասել Է միապետը:
«Իմ կառվարությունը բանակցություններ կվարի ԵՄ-ի հետ Միացյալ Թագավորության հարաբերությունների վերանայման շուրջ եւ կձգտի հասնել ԵՄ-ի բարենորոգման՝ ի շահ նրա բոլոր անդամների»,-հավելել Է Եղիսաբեթ Երկրորդը:
«Ներկայիս խորհրդարանը աշխատելու Է իրականացնել ընդգրկուն սահմանադրական բարեփոխում, որը լայն լիազորություններ կտրամադրի Շոտլանդիային»,-ասել Է թագուհին: Սպասվում Է, որ տեղական իշխանությունները լիակատար հսկողություն կստանան տարածաշրջանում գանձվող հարկերի նկատմամբ, ինչպես նաեւ կկարողանան տնօրինել սոցապահովման համար նախատեսված 2,5 մլրդ ֆունտի (3,9 մլրդ դոլարի) չափով միջոցները:
Բացի այդ, թագուհին խոստացել Է հավելյալ, բայց նվազ ընդգրկուն լիազորություններ տրամադրել ՈՒելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի կառավարություններին: Ընդսմին միապետն ընդգծել Է, որ այսուհետեւ Անգլիայում եւ Ուելսում օրենքներ ընդունելու համար բրիտանական խորհրդարանում պահանջվելու Է «այդ տարածաշրջաններից պատգամավորների մեծամասնությունը»:
Մեծ Բրիտանիայի թագուհին նաեւ հայտարարել Է, որ իր երկիրը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով:
«Իմ կառավարությունը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու համար, եւ մենք պնդում ենք Մինսկի համաձայնությունների դրույթների ամբողջական կատարումը»,-ասել Է միապետը:
Մայիսի 27-ին Եղիսաբեթ Երկրորդն իր ճառով պաշտոնապես բացել Է Մեծ Բրիտանիայի նոր գումարման օրենսդիր մարմնի առաջին նստաշրջանը, որը ձեւավորվել Է մայիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: