Ռիկ Սանտորումը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահական մրցարշավին միանալու մասին
International newsԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը միացել է ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարին: Այդ մասին քաղաքական գործիչը մայիսի 27-ին հայտարարել է Քեբոթ քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) կայացած մամուլի ասուլիսում:
Սանտորումը, որը հայտնի է ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում պահպանողական հայացքներով, մտադիր է Հանրապետական կուսակցությունից թեկնածուների շարք մտնել այն ընտրություններում, որոնք անցկացվելու են 2016 թվականին: Նա հանդես է գալիս, մասնավորապես, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողություններն ակտիվացնելու, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները խստացնելու եւ ամերիկյան տնտեսության մրցունակությունը մեծացնելու օգտին:
Հանրապետական կուսակցությունից նախընտրական մրցարշավին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են սենատորներ Թեդ Քրուզը, Ռենդ Փոլը, Մարկո Ռուբիոն, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին եւ նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը: Քաղաքագետները կանխատեսում են, որ մոտ ժամանակներս նման մտադրության մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարեն Ֆլորիդայի նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը եւ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին:
Դեմոկրատների ճամբարում նախագահական հավակնությունների մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերմոնտի նահանգից անկախ սենատոր Բեռնարդ Սանդերսը, որը ձեւականորեն չի պատկանում որեւէ կուսակցության, նույնպես հայտարարել է, որ հավակնում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածո առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: