Թուրքիայում ակտիվիստը պնդում է, որ իշխող կուսակցությունն ընտրակեղծիքների է գնում
International newsԹուրքիայում համացանցի «ֆենոմեն» համարվող Ֆուադ Ավնին հանդես է եկել առաջիկա հունիսի 7-ին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից անպայման կեղծվելու մասին պնդմամբ:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Ավնին հայտնել է, որ ընտրություններում ԱԶԿ-ն ծրագրում է կեղծել 7 տոկոս ձայներ եւ այն գրանցել իր օգտին:
«Երբեք մի կորցրեք ձեր հույսը: Ընտրություններում կեղծարարություններ անել ցանկացողներին հնարավորություն մի ընձեռեք: Կեղծարարությունների համար ԱԶԿ-ն A թիմ է ստեղծել: Այդ թիմը բաժանմունքներ է ստեղծել շրջաններում եւ գյուղերում: Կեղծարարությունները կյանքի կոչող մարդիկ արդեն որոշված են: Թիրախ է վերցվել մոտ 174 հազար քվեատուփ: Ըստ ծրագրի` յուրաքանչյուր քվեատուփում նվազագույնը 20 քվե կեղծվելու է: Երկրի հաշվով ցանկանում են ընդհանուր առմամբ գողանալ 480 հազար քվե: Եթե իշխանության այդ նպատակն իրգործվի, ապա միայնակ իշխանության գալու ԱԶԿ-ի ցանկությունը կիրականանա», -զգուշացրել է համացանցի թուրք «ֆենոմենը»:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում անցողիկ միավորներ ստանալու մեծ հնարավորություն ունեցող կուսակցություններ են ԱԶԿ-ն եւ ընդդիմադիր Ժողվորդահանրապետական, Ազգայնական շարժում ու քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները:
Թուրքիայում ընտրություններին կմասնակցի 53 մլն 765 հազար 231 քաղաքացի, իսկ արտասահմանից ընտրելու իրավունք կունենա 2 մլն 867 հազար 658 մարդ:
Եթե ԱԶԿ-ին հաջողվի զբաղեցնել թուրքական խորհրդարանի 550 աթոռներից 263-ը, ապա ԱԶԿ-ն կլինի այդ երկրի միակ իշխող կուսակցությունը: Հակառակ դեպքում` ԱԶԿ-ն ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկի հետ: