Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը, ով ժամանակին աշխատել է նաեւ Դանիայի ազգային թիմի մարզչական շտաբում, armsport.am-ի հետ զրույցում խոսեց սեպտեմբերի 7-ին, Կոպենհագենում կայանալիք Դանիա-Հայաստան «Եվրո-2016»-ի ընտրական փուլի հանդիպման վերաբերյալ:
- Պարոն Սերիցլեւ, երեկ Դանիայի եւ Հայաստանի հավաքականներն ընկերական հանդիպումներ են անցկացրել եւ կրել պարտություններ: Ձեզ հաջողվե՞լ է դիտել այդ հանդիպումները:
- Ես ներկայումս Դանիայում չեմ, բայց հաջողվեց դիտել Դանիա-Թուրքիա խաղի հեռարձակումը: Հայաստանի խաղի մասին որոշ տեղեկություններ ստացել եմ: Բարդ է խոսել երեկվա Դանիայի հավաքականի մասին: Դանիան անցկացրեց միանգամայն տարբեր խաղակեսեր: Առաջին խաղակեսում ամեն ինչ շատ լավ էր, իսկ երկրորդում՝ կազմի կեսը փոխվեց եւ արդեն ուրիշ հավաքական էր խաղադաշտում: Իսկական Դանիային տեսանք մեկ խաղակես, որում նա լավ էր գործում:
- Դանիայի հավաքական է վերադառնում Նիկլաս Բենդտները: Նրա խաղը Ձեզ տպավորե՞ց:
- Բենդտները ի վիճակի է խնդիրներ ստեղծել: Նա երեկ մեկնարկային կազմում էր, թեեւ փոխարինվեց: Վստահ եմ, որ նա Հայաստանի դեմ էլ կլինի մեկնարկային կազմում: Ուրախալի է նաեւ, որ Դանիել Ագերն է հավաքականում: Նրա ներկայությունը շատ կարեւոր է: Ագերը շատ արագ է, ֆիզիկապես ուժեղ եւ պաշտպանությունում նրա կարիքը շատ է զգացվում: Նախորդ տարի Դանիան սեփական հարկի տակ Հայաստանին պարտվեց նաեւ այն պատճառով, որ Ագերը ասպարեզում չէր:
- Ի դեպ, նախորդ տարի հունիսին կայացած խաղի մասին: Դուք այդ մրցավեճից առաջ այն եզակի անձանցից էիք, ով հավատում էր Հայաստանի հավաքականին եւ նշեցիք, որ Դանիային բարդ խաղ է սպասվում… Այս անգամ նույնպե՞ս այդ կարծիքին եք:
- Ցավոք, այս անգամ Հայաստանի հաջողությանը չեմ հավատում: Հայաստանը հնարավորություն չունի փոխարինել Յուրա Մովսիսյանին եւ Արաս Օզբիլիսին: Այդ ֆուտբոլիստների դերը շատ մեծ է Հայաստանի հավաքականում: Վստահ եմ, որ այս անգամ հաղթելու է Դանիան: Նախորդ տարի Հայաստանը հաղթեց հարձակման գծի փայլուն ելույթի շնորհիվ: Այժմ շատ բան է փոխվել եւ Հայաստանի համար շատ ավելի ծանր է լինելու: