Յուրգեն Կլոպ. Եթե սկսեմ պատմել էմոցիաներիս մասին, լաց կլինեմ
SportԳերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում վերջին խաղն անցկացնելուց եւ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Վոլֆսբուրգին» պարտվելուց հետո պատմել է տպավորությունների մասին:
«Ինձ զգում եմ միջինից վատ: Փորձում եմ զսպել էմոցիաները, սակայն ամեն անգամ ֆուտբոլիստներիցս մեկին գրկելիս արցունքներ են հայտնվում աչքերիս, քանի որ գիտեմ, որ նրանց գրկում եմ վերջին անգամ: Ձեզ չեմ պատմի էմոցիաներիս մասին, այլապես լաց կլինեմ: Թիմին հրաժեշտ կտամ այն ժամանակ, երբ տեսախցիկները չեն նկարի ինձ:
Այսօր շատ բան սխալ արեցինք՝ խաղալով մի մրցակցի դեմ, որը հիանալի է գործում հակագրոհելիս: Մեր բախտը չբերեց: Պարտությունն ընդունելն ինձ համար կյանքի ամենաբարդ փորձություններից է: Արժանին եմ մատուցում «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Դիտեր Հեկինգին, նրա ֆուտբոլիստներին ու այդ ակումբին, սակայն պարտության պատճառն առաջին հերթին մեր անհաջողակություննն էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Բեռլինում կայացած եզրափակիչում «Բորուսիան» պարտվեց 1:3 հաշվով, իսկ «Վոլֆսբուրգը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման, իսկ 61-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: Այս մրցաշրջանի վերջում Յուրգեն Կլոպին փոխարինելու է «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: