Իսրայելի վարչապետը նշել է պաղեստինյան պետության կազմավորման պայմանները
International newsԻսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նշել է պաղեստինյան պետության կազմավորման պայմանները: «Ես հավատում եմ, որ տեւական խաղաղության հասնելու միակ միջոցը «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» հայեցակարգն է՝ ապառազմականացված պաղեստինյան պետությունը, որը ճանաչում է հրեական ազգը եւ Իսրայել պետությունը»,- ասել է Նաթանյահուն մայիսի 31-ին Երուսաղեմում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ կայացած բանակցություններից հետո:
«Իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության հասնելու միակ ճանապարհն ուղղակի բանակցություններն են»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը: Նա ափսոսանք է հայտնել, որ, իր խոսքով, «պաղեստինյան ինքնավարությունը լքեց այդ բանակցությունները»:
Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ երկխոսությունը վերսկսվել էր 2013 թվականի հուլիսի վերջին՝ գրեթե եռամյա ընդմիջումից հետո: Սկզբնապես այն նախատեսված էր ինն ամսով: 2014 թվականի մարտին հաշտության գործընթացը կրիտիկական փուլ մտավ եւ ընդհատվեց դրա ավարտման պլանավորված ժամկետից մեկ ամիս առաջ:
Ինչպես նշել է ՏԱՍՍ-ը, խաղաղության հասնելու պայմանների թվում Նաթանյահուն նշել է նաեւ «պաղեստինցիների կողմից միջազգային ասպարեզում Իսրայելի մեկուսացման եւ ապալեգիտիմացման փորձերի դադարեցումը»: