Յանցզի գետում խորտակվել է «Արեւելքի աստղ» զբոսանավը, որի վրա առնվազն 450 մարդ է եղել
International newsՉինաստանի խոշորագույն գետում՝ Յանցզիում, հունիսի 1-ի երեկոյան ուժգին պտտահողմի պատճառով խորտակվել է «Դունֆանչժիսին» («Արեւելքի աստղ») քառատախտակամած ջերմանավը: Այդ մասին հունիսի 2-ին իր կայքում հաղորդել է «Հուբեյ ժիբաո» թերթը:
Յանցզի գետի ջրային տրանսպորտի գործերի վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ նավը «խորտակվել է երկու րոպեում», նրա վրա գտնվող մարդիկ «պատրաստվում էին քնելու»:
Ինչպես հաղորդել է Սինհուա գործակալությունը, ջերմանավի վրա եղել է 458 մարդ, ներառյալ 405 չինացի զբոսաշրջիկ: Նավապետի խոսքով, որին հաջողվել է փրկել, նավը «արագ» է ջրասույզ եղել:
Թերթի տվյալներով՝ խորտակված նավում կարող են փրկվածներ լինել: Փրկարար ջրասուզակները, ովքեր թակել են նավի կորպուսը, պատասխան թակոց են լսել:
Ինչպես հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, ջերմանավի խորտակման վայր է մեկնել ՉԺՀ-ի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը: Նա մտադիր է անձամբ գլխավորել փրկարար գործողությունը: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն իր հերթին պահանջել է անցկացնել լայնամասշտաբ փրկարար գործողություն:
«Անհրաժեշտ է բոլոր ուժերով որոնողա-փրկարարական գործողություն անցկացնել եւ ապահովել մարդկանց անվտանգությունը»,- ջերմանավի վթարի կապակցությամբ հայտարարել է ՉԺՀ-ի նախագահը:
«Սինա» լրատվական պորտալը տեղեկացնում է, որ նավի խորտակման վայրում աշխատում է 34 փրկարար նավ, մասնագետներին օգնություն են ցուցաբերում նաեւ քաղաքացիական նավերի անձնակազմերը:
Ինչպես հայտարարել են փրկարարները, հաջողվել է գտնել մարդատար ջերմանավի խորտակման ճշգրիտ վայրը: Նրանց խոսքով՝ աղետի վայրում գետի խորությունը կազմում է 15 մետր:
Աղետը տեղի է ունեցել հունիսի 1-ին Պեկինի ժամանակով ժամը 21:28-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 17:28-ին) Ցզյանլի քաղաքի շրջանում: Զբոսանավը Նանկինից (Ցզյանսուի նահանգի վարչական կենտրոն) ընթանում էր դեպի Չունցին: Փրկարար աշխատանքների ընթացքում, ըստ տարբեր տվյալների, հաջողվել է հայտնաբերել ութից մինչեւ քսան մարդու: Փրկարար աշխատանքների շարունակմանը խոչընդոտում է շարունակվող անբարենպաստ եղանակը:
«Դունֆանչժիսինը» ոչ մեծ զբոսանավ է՝ 2,2 տոննա ջրատարողությամբ: Դրա երկարությունը 76,5 մետր է, բարձրությունը՝ 11 մետր: Նավը կարող է տեղավորել մինչեւ 534 մարդ: Այն պատկանում է Chongqing Eastern Shipping Corporation ընկերությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: