MERS կորոնավիրուսի առաջին զոհերը Հարավային Կորեայում. կառավարությունը փորձում է կանխել խուճապը
International newsՀարավային Կորեայում մահացել են մի կին ու մի տղամարդ, որոնք վարակված էին մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիրուսով (MERS): Այդ մասին հունիսի 2-ին հաղորդել է ՀԿ-ի առողջապահության նախարարությունը:
Բժիշկների տվյալներով՝ հունիսի 1-ի երեկոյան հիվանդությունը հայտնաբերվել է եւս վեց մարդու մոտ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ընդամենը վարակվածների թիվը երկրում հասել է 25-ի:
Ներկայում Հարավային Կորեայում մեկուսացված է մահացածների հետ շփում ունեցած 682 մարդ, նրանց նկատմամբ բժիշկները հատուկ հսկողություն են իրականացնում:
ՀԿ-ի վարչապետի պաշտոնակատար Չհվե Գեն Հվանը նախարարների կաբինետի հունիսի 2-ի նիստում կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել բնակչության շրջանում խուճապ թույլ չտալու համար: Միաժամանակ նա խոստովանել է, որ երկրի բնակչությունը «կարծում է, որ բժշկական իշխանությունների գործողություններն անարդյունավետ են եղել»:
«Մենք պետք է օգտագործենք ազգի բոլոր հնարավորությունները՝ վերացնելու առկա բոլոր մտահոգությունները»,- ընդգծել է վարչապետը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: