G7-ի գագաթնաժողովում քննարկելու են ոչ միայն «ճգնաժամային դիվանագիտության» հարցը. Մերկել
International newsԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G7-ի կառավարությունների ու պետությունների ղեկավարները Գերմանիայում կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են ոչ միայն «ճգնաժամային դիվանագիտությանը» վերաբերող հարցեր, այլեւ աշխարհի տնտեսական իրադրությունը, հակաահաբեկչական միջոցները եւ Էբոլա մահացու վտանգավոր տենդի դեմ պայքարը:
«Ո՞վ կարող էր հավատալ այն բանին, որ «սառը պատերազմի» ավարտից 25 տարի անց եվրոպական աշխարհակարգը կասկածի տակ կդրվի Ղրիմի բռնակցմամբ: Կամ այն բանին, որ Էբոլա տենդի տարածումը կարող է ապակայունացնել աֆրիկյան մի քանի պետություն եւ արգելակել նրանց զարգացումը: Կամ այն բանին, որ Մերձավոր Արեւելքում իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը կփորձի այսպես կոչված խալիֆայություն ստեղծել երկու պետությունների տարածքում: Այս օրինակները, որոնք բոլորն էլ ներառված են մեր գագաթնաժողովի օրակարգում, բավական են համոզվելու, որ գլոբալ մարտահրավերները միջազգային արձագանք են պահանջում»,- գրել է Մերկելը «Ինչու G7-ի գագաթնաժողովը պետք է դուրս գա ճգնաժամային դիվանագիտության շրջանակներից» նյութում, որը զետեղվել է Globe and Mail կանադական թերթում:
Կանցլերը նաեւ նշել է, որ գագաթնաժողովի օրակարգի գլխավոր հարցերը կդառնան սովի եւ աղքատության դեմ պայքարը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխման հիմնախնդիրը: Բացի այդ, G7-ի երկրների ղեկավարները կքննարկեն գլոբալ էկոնոմիկայի վիճակը, արդյունաբերական օբյեկտներում անվտանգության հարցերը եւ կանանց իրավունքները:
G7-ի պետությունների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 7-8-ին բավարյան Ալպերի Էլմաու դղյակում:
Յոթի խումբը կամ G7-ը տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան: Հիմնական նպատակն է՝ գլոբալ քաղաքական ու սոցիալական խնդիրների լուծումներ գտնելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: