Թոնի Բլերը նշանակվել է Հանդուրժողության եւ հաշտեցման եվրախորհրդի ղեկավար
International newsՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը նշանակվել է Հանդուրժողության եւ հաշտեցման եվրախորհրդի ղեկավար: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է Times թերթի համար գրված հոդվածում:
Մայիսի վերջին հայտնի է դարձել, որ Բլերը հունիսի վերջին լքելու է մերձավորարեւելյան խնդրի կարգավորման միջնորդների «քառյակի» (Ռուսաստան, Եվրամիություն, ԱՄՆ եւ ՄԱԿ) հատուկ ներկայացուցչի պաշտոնը: Ինչպես տակավին մարտին հաղորդել էին բրիտանական ԶԼՄ-ները, Բլերի հեռացումը կապված է այն մեղադրանքների հետ, որ քաղաքական գործիչն ավելի մեծ ուշադրություն է դարձնում բիզնես շահերին, քան հակամարտության լուծման աշխատանքին:
Իր հոդվածում, որը գրվել է Եվրոպայի հրեական կոնգրեսի նախագահ Մոշե Կանտորի հետ համատեղ, Բլերը նշել է, որ քարոզելու է կրոնի չարաշահման դեմ: Այն, ըստ նրա, «դարձել է դիմակ, որի հետեւում հաճախ թաքնվում են նրանք, ովքեր հակված են սփռելու մահ ու ավերումներ», գրում է բրիտանական Guardian-ը:
Բլերը նաեւ նշում է, որ հանդես է գալու օրենսդրական այնպիսի նախաձեռնությունների օգտին, որոնք արդարադատությանն ավելի մեծ իշխանություն են տալիս ագրեսիվ արտահայտությունների հետապնդման հարցում, ինչպես նաեւ անօրինական են ճանաչում Հոլոքոստի ժխտումը:
Հանդուրժողության եւ հաշտեցման եվրոպական խորհուրդը հիմնվել է Փարիզում 2008 թվականին: Դրա հիմնական գործունեությունը նվիրված է Եվրոպայում հանդուրժողության ոլորտի իրադրության մոնիթորինգին, աշխարհամասում միջկրոնական ու միջէթնիկական հարաբերությունների բարելավման վերաբերյալ ազգային կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների համար հանձնարարականների մշակմանը: Խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը պայքարում է արդի աշխարհում այլատյացության, հակասեմիտիզմի եւ ռասայական խտրականության դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: