Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
PoliticsՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 4-ին հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։
Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր: