CNN-ը Օբամայի վարկանիշի անկում Է արձանագրել
International newsԱՄՆ-ի գործող նախագահ դեմոկրատ Բարաք Օբամայի աջակցության մակարդակը, ըստ CNN հեռուստաալիքի եւ ORC International ընկերության անցկացրած հարցման արդյունքների, վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է մի քանի կետով՝ մինչեւ 45 տոկոսի նշագիծ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են հունիսի 3-ին:
Մասնավորապես, Օբամայի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 45 տոկոսը, աջակցություն չի հայտնել 52 տոկոսը, 2 տոկոսը ձեռնպահ է մնացել պատասխանից:
Ընդ որում առավել մեծ դժգոհություն է հարուցել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հավաքման հարցում կառավարության ցուցաբերած ակտիվությունը: Այսպես, միայն 29 տոկոսն է դա ճիշտ համարում, 67 տոկոսը կտրականապես դեմ է արտահայտվում: Օբամայի համար որպես «ձախողված» են գնահատվել նաեւ «Իսլամական պետության» եւ անօրինական ներգաղթի դեմ պայքարում նրա վարչակազմի ջանքերը: Փոխարենը ռասայական հարաբերությունների հարցում նախագահն ստացել է 50 տոկոսի հավանությունը՝ 47 տոկոս դժգոհների դիմաց:
ԱՄՆ-ի գործող վարչակազմի արտաքին քաղաքականությունն ամերիկացիները գնահատել են 43 տոկոս՝ դրական եւ 55 տոկոս՝ բացասական, հարաբերակցությամբ:
Զուգահեռաբար քաղաքացիները գնահատել են ԱՄՆ-ի նախկին նախագահների վարչակազմների քաղաքականությունը: Հարցվածներն առավելությունը տվել են Ջորջ Բուշ Ավագին (1989-1993 թթ) եւ Բիլ Քլինթոնին (1993-2001 թթ): Երկուսն էլ 64 տոկոս աջակցություն են ստացել: Վարկանիշի հաջորդ տեղերն զբաղեցնում են Ջիմի Քարթերը (1977-1981 թթ), Ջորջ Բուշ Կրտսերը (2001-2009) եւ գործող նախագահ Բարաք Օբաման: