Տեխասի նախկին նահանգապետ Ռիք Փերին պայքարի մեջ Է մտնում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար
International newsԱՄՆ-ի Տեխասի նահանգի նախկին նահանգապետ Ռիք Փերին հայտարարել Է երկրի պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մտադրության մասին: Համապատասխան տեղեկատվությունը զետեղված Է քաղաքական գործչի պաշտոնական նախընտրական կայքում:
«Դրանք լինելու են ոչ թե խոստումների, այլ գործի ընտրություններ»,-Փերիի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը:
2012 թվականի ընտրություններում հանրապետական Փերին նույնպես հավակնում Էր ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալու իրավունքին:
Պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարին Հանրապետական կուսակցությունից մասնակցելու մրադրության մասին ավելի վաղ արդեն հայտարարել են սենատորներ Թեդ Քրուզը, Ռենդ Փոլը, Մարկո Ռուբիոն, Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, Նյու Յորքի նահանգի նախկին նահանգապետ Ջորջ Պատակին, Փենսիլվանիայի նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը եւ Hewlett-Packard ընկերության նախկին ղեկավար Քառլի Ֆիորինան:
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ մասին կհայտնեն Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը եւ Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին:
Դեմոկրատների ճամբարում նախագահական հավակնությունների մասին հայտարարել են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռոդ Այլենդի նահանգի նախկին նահանգապետ Լինկոլն Չեյֆին եւ Մերիլենդի նահանգի նախկին նահանգապետ Մարտին Օ՛Մելին: Վերմոնտի նահանգից անկախ սենատոր Բեռնարդ Սանդերսը, որը ձեւականորեն չի պատկանում կուսակցություններից որեւէ մեկին, նույնպես հայտարարել է, որ հավակնում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: