Դամասկոսը Մոսկվային խնդրել է միջսիրիական բանակցությունների նոր փուլ կազմակերպել
International newsՍիրիայի կառավարությունը Մոսկվային խնդրել է կազմակերպել բանակցությունների նոր փուլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Բոգդանովը` ավելացնելով, որ բանակցությունների երրորդ փուլի կազմակերպման համար պետք է լրացուցիչ կապ հաստատել ընդդիմության տարբեր խմբավորումների հեÕ ¿: Այն հարցին, թե ե՞րբ տեղի կունենան բանակցությունները, Բոգդանովը նշել է, որ դա ռուսական կողմից կախված չէ: «Մենք պատրաստ ենք բանակցություններ կազմակերպել նույնիսկ այսօր, սակայն պետք է սպասել ընդդիմության և սիրիական իշխանությունների համաձայնությանը»,- նշել է նա` ընդգծելով, որ բոլոր սիրիացիները պետք է համախմբեն ջանքերը` միասնաբար պայքարելու երևույթների դեմ, որոնք սպառնում են ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի և տարածաշրջանի անվտանգությանը:
Ապրիլին Սիրիայի կառավարական և ընդդիմության պատվիրակության անդամները Մոսկվայում բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ վերջնական փաստաթուղթ են ընդունել: Փաստաթուղթը կազմված է տասը կետից, որտեղ նշվել է սիրիական ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը՝ ըստ 2012թ. Ժնևյան համաձայնագրի: Փաստաթղթում նաև նշվել է տնտեսական պատժամիջոցները հանելու և ահաբեկչությանն աջակցող երկրների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին:
Տասը կետերի մեջ ընդգրկվել է քաղաքական լուծման հասնելու անհրաժեշտությունը, որի միակ ուղին սիրիացիների միջև երկխոսությունն է առանց արտաքին միջամտության: