Հունաստանի նախագահը ևս չի մասնակցի Եվրոպական խաղերի բացմանը. Բաքուն արդարացումներ է փնտրում
International newsՊաշտոնական Բաքուն սկսել է հուսահատ քայլերի դիմել` մտացածին մեկնաբանություններ անելով, թե ինչու են օտարերկրյա պետությունների ղեկավարները հրաժարվում մասնակցել առաջին Եվրոպական խաղերին` այդպիսով հրահրելով միջպետական սկանդալ: Այս անգամ թիրախում են հայտնվել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը և Բաքվում Հունաստանի դեսպան Դիմիտրոս Ցունգասը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը լուր է տարածել այն մասին, թե Հունաստանի նախագահը հրաժարվել է մասնակցել Եվրոպական խաղերի բացման արարողությանը դեսպան Ցունգասի ուղարկած նամակի պատճառով, որը, ըստ ադրբեջանական կողմի, ունեցել է ապատեղեկատվական բովանդակություն:
Ադրբեջանական կողմը նշում է, թե Հունաստանի ԱԳՆ ուղարկված նամակում իբր ասվել է, որ ոչ մի պետության ղեկավար խաղերի բացմանը չի մասնակցելու` այդպիսով բոյկոտելով դրանք: Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի, հենց այս նամակից հետո է, որ Պրոկոպիս Պավլոպուլոսը հրաժարվել է այցելել Բաքու:
Միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ վերջին շրջանում Եվրամիությունը և Բաքվում դրա գրասենյակը դիմել են տարբեր երկրների ղեկավարությանը և Ադրբեջանում դրանց դեսպանատներին` հետ համոզելով Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու մտքից:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Խաղերին աշխարհի 50 երկրից կմասնակցի շուրջ 6 հազար մարդ: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով և կունենա 25 մարզիկ: