Դիարբեքիրում հանրահավաքին պայթյուն իրականացրած անձը ձերբակալվել է. Դավութօղլու
International news
Թուրքիայում ձերբակալվել է հունիսի 5-ին Դիարբեքիր քաղաքում ընդդիմադիր Ազգերի ժողովրդավարության կուսակցության ցույցի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողության կասկածյալը: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Երեկ գիշերը պատահարի հետ կապված մեկ մարդ է ձերբակալվել: Քանի դեռ նախաքննություն է իրականացվում, ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել: Բոլոր միջոցները կկիրառվեն, կբացահայտվեն նրա բոլոր կապերը»,- ասել է Դավութօղլուն: Նա նաեւ շեշտել է, որ կառավարությունն ու վաչապետն «իրենց պարտականությունները կատարել են»:
«Մենք բոլոր միջոցները կիրառում ենք, խորհրդարանական ընտրությունների ընթացքում ցանկացած բացասական իրավիճակ բացառելու համար: Հարձակումը ցանկացած կուսակցության վրա դա հարձակում է ժողովրդավարության վրա: Ես ցանկանում եմ, որ բոլոր քաղաքացիներն առանց որեւիցե կասկածի գնան ընտրատեղամասեր` քվեարկելու»,- շեշտել է նա:
Հունիսի 5-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում երեք մարդ էր զոհվել, տուժել էր մոտ 80 մարդ, այդ թվում` երեխաներ, անչափահասներ ու ոստիկանության աշխատակիցներ:
Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում մեկնարկել են այսօր առավոտյան: