Դիարբեքիրի պայթյունը իրականացրել է ԻԼԻՊ-ի անդամը
International newsԹուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դիարբեքիրում կազմակերպված հանրահավաքի ժամանակ որոտացած պայթյունները կազմակերպած անձը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) իսլամիստական ծայրահեղական կազմակերպության անդամ է:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Հարձակման ուսումնասիրությամբ զբաղվող իրավապահ մարմինները պարզել են, որ ռումբերը պայթեցրած անձն Ադըյամանում գրանցված Օրհան Գ.-ն է, ով երկար ժամանակ է, ինչ Սիրիայում մասնակցում է ԻԼԻՊ-ի մղած մարտերին: Նշվում է, որ հարձակում կազմակերպելու նպատակով նա հունիսի 2-ին եկել է Դիարբեքիր:
Պայթյունն իրականացրած անձին ոստիկանությունը ձերբակալել է: Թե որն է եղել նրա գործողությունների դրդապատճառը, դեռևս չի նշվում:
Հունիսի 6-ին Դիարբեքիրի հրապարակում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հանրահավաքի ժամանակ 5 րոպե ընդմիջմամբ երկու պայթյուն էր որոտացել: Պայթյունի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել 402 մարդ: