Էրդողանն ու Դավութօղլուն հանդիպում կունենան
International newsԹուրքիայի խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած, սակայն նախորդ ընտրությունների համեմատ տանուլ տված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ Դավութօղլուն և Էրդողանը քննարկելու են ընտրությունների արդյունքները, ինչպես նաև իշխող կուսակցության կողմից արվելիք հետագա քայլերը:
Ավելի վաղ վարչապետ Դավութօղլուն նախարարների, ինչպես նաև իշխող կուսակցության անդամների խորհուրդ էր հրավիրել: Ըստ նախատեսված կարգի` Դավութօղլուն հունիսի 8-ին կամ 9-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կներկայացնի իր հրաժարականը, իսկ վերջինս էլ թույլ կտա նրան մնալ վարչապետի պաշտոնակատարի դերում նախքան նոր կառավարություն կազմելը:
Նոր կառավարություն կազմելու աշխատանքները կսկսվեն ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարումից հետո: Սահմանադրությունը նախատեսում է նաև, որ եթե նախագահի կողմից առաջին հանձնարակականը տալուց 45 օր հետո կառավարություն չի կազմվում, երեք ամսվա ընթացքում նոր ընտրություններ են հրավիրվում:
Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)` նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարիներից հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակական կառավարություն կազմելու, ինչպես նաև իր ուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտված կուսակցություններից որևէ մեկի հետ:
Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն` 13,11 տոկոսը (80 պատգամավոր): Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: Անվավեր է ճանաչվել ավելÕ « քան մեկ միլիոն քվեաթերթիկ: