Հարավային Կորեայում աճում է MERS վիրուսի զոհերի թիվը
International newsԿորեայի Հանրապետությունում եւս մեկ մարդ է մահացել մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) հարուցած բարդացումներից: Վարակվածների թիվն ավելացել է ութով: Այդ մասին հունիսի 9-ին հաղորդել է Ռյոնհապ գործակալությունը:
Այսպիսով, այդ հիվանդությունից Հարավային Կորեայում մահացել է արդեն յոթ մարդ, վարակված են 95 բնակիչներ:
ԿՀ-ն կորոնավիրուսով հիվանդանալու հաստատված դեպքերի թվաքանակով աշխարհում երկրորդ երկիրն է դարձել Սաուդյան Արաբիայից հետո, որտեղ 2012 թվականին դրանով վարակվել է ավելի քան հազար մարդ:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից:
Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել:
Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: