Թուրքիայի նորընտիր հայ պատգամավոր Գարո Պայլանը խոսել է ընտրությունների արդյունքներից
International newsԹուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից մեջլիսի պատգամավոր ընտրված հայ թեկնածու Գարո Պայլանն ընտրությունների արդյունքում իր կուսակցության ստացած ձայների տոկոսն անակնկալ չի համարել: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում Պայլանն անդրադարձել է խորհրդարանո ւմ իր կուսակցության անելիքներին:
«Կարևորը ոչ թե այն է, որ երեք հայ թեկնածու կա, այլ այն, թե նրանք ինչպես են պատրաստվում գործել: Իմ կուսակցության առաջատար ուղղությունը հավասարությունն է: «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում էլ կան քրդեր, սակայն չենք տեսնում այդ հավասարությունը ցույց տվող նախանշանները»,- ասել է հայ պատգամավորը` հույս հայտնելով, որ կազմավորված նոր մեջլիսը կփոխի Թուրքիայի քաղաքականությունը:
Թուրքիայի խորհդարանական ընտրությունների քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքները հրապարակված են: Դրանց համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել է զգալի քվեներ և ստացել է ձայների ընդամենը 40,85 տոկոսը (258 պատգամավոր), Հանրապետական ժողովրդական կուսակցություն` 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն` 13,11 տոկոսը (80 պատգամավոր):
Ընտրությունների արդյունքում մեջլիսում են հայտնվել երեք հայ պատգամավոր` ԱԶԿ-ից լրագրող Մարգար Եսայանը, ՀԺԿ-իցՍելինա Դողանը և ԺԴԿ-ից` Գարո Պայլանը: