Լավ կլիներ, որ համախմբվեին ոչ թե հետևանքի դեմ, այլ՝ պատճառի. Լևոն Բարսեղյան
Politics
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը հավանաբար կմասնակցի հունվարի 18-ին կայանալիք՝ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության և ԱԺ չորս խմբակցությունների անդամենրի հրավիրած համատեղ հանրահավաքին: Newsbook-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում քաղաքական ուժերի համախմբման փորձը, Բարսեղյանը պատասխանել է. «Շատ լավ կլիներ, որ համախմբվեին ոչ թե հետևանքի դեմ, այլ՝ պատճառի: Պատճառն իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանն է ու նրա կլանը: Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը նրանց արած չարագործություններից մեկն է, բայց եթե սա լինելու է նախադեպ կամ հիմք, որ հետագայում Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անեն, այ դա՝ ուրիշ հարց: Ես մի քիչ լավատես չեմ այդ իմաստով, որովհետև Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի անցյալ տարիների գործողություններն ինձ, դժբախտաբար, հուշում են, որ իրենք պատրաստ են քննադատել կառավարությանն՝ ինչքան ասես և իսկապես պայքարել կառավարության վարքուբարքի դեմ, բայց ոչ՝ Սերժ Սարգսյանի: Մտահոգություն ունեմ, որ ՍԵրժ Սարգսյանի ռեժիմի դեմ ԲՀԿ-ն առայժմ չի կարողանա հրապարակային և ակտիվ պայքարել»: Բարսեղյանը չի բացառում, որ ԲՀԿ-ի հարցում կարող է սխալվել և նշում է, որ ժամանակը ցույց կտա նրանց տրամադրվածությունը իշխանության նկատմամբ: «Այս իմաստով ամսի 18-ի հանրահավաքը էլի մխիթարող է, բայց որ պատճառի դեմ միավորվեին, ավելի լավ կլիներ»,- ասաց Բարսեղյանը: