Եթե մենք ուզենայինք տապոռային քաղաքականություն վարել, կանեինք. Վահրամ Բաղդասարյան
PoliticsԻնչպես հայտնում է Orer.am-ը, այսօր ՀՀ Ազգային ժողովում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը չէր պատրաստվում ելույթ ունենալ, եթե, իհարկե, ամբիոնից ապատեղեկատվություն չհնչեր.
«Հորդորում եմ, որ ընդդիմադիր գործընկերները կարդան օրենքը: Պարոն Լեւոն Զուրաբյան, դուք որքան շատ խոսեք, այնքան ձեր օգուտն է, այնքան ձեզ շատ կլուսաբանեն: Ես զարմանում էի, թե ինչու համայնքային ընտրություններին դուք թեկնածուներ չունեք կամ զրոյական, մի քանի տոկոս ձայն եք ունենում: Հիմա հասկացա, որ չունեք համապատասխան թեկնածու»:
Նա նաեւ անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավարի մեկ այլ մեղադրանքին, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումներով ցանկանում է վերարտադրվել. «Եթե մենք ուզենայինք տապոռային քաղաքականություն վարել, կանեինք, սակայն դա մեզ պետք չէ: Ես նման տիպի բան չեմ պատկերացնում: Նման շահարկումների չենք գնում, մենք մանր, ճղճիմ էքսկուրսներ չենք անում պատմության մեջ: Այս ամբիոնը նրա համար չէ, որ դեմագոգիայով զբաղվեք, օգտվեք հավաստի աղբյուրներից: Եթե ի վիճակի չեք վերցնելու հավաստի տվյալներ, ես կարող եմ ձեզ դրանք տրամադրել»:
Հնչեցված տեսակետներից խիստ վրդովված՝ Արծվիկ Մինասյանն էլ, ով նաեւ օրենսդրական փոփոխությունների հեղինակ էր, էլ ավելի զայրացավ, իր ելույթի ընթացքում տեղից ժամանակ առ ժամանակ ռեպլիկներ անող ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի պարսավանքներից. «Չհասկացողը դու ես, տիկին Բիշարյան. միայն ՀԱԿ-ն է գրավոր առաջարկություններ արել, ու չփորձեք պատճառաբանել, թե տեխնիկական խնդիրներ են եղել: Ձեր շատ մտքեր ուղղակի իրավագիտական անգրագիտություն են»:
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավարի դիտարկումներին. «Ինչ վերաբերվում է Լեւոն Զուրաբյանի աշխարահացունց հայտարարություններին, ապա դուք, պարոն Զուրաբյան, այդպես էլ չարժեւորեցիք փոխադարձ հարգանքի կամ միմյանց հետ աշխատելու հնարավորությունը: Ձեր կողմից փորձ է արվում նեղ, ճղճիմ հայտարարություններով հերթական քաղաքական դիվիդենտներ շահել: Երբ ՀՅԴ-ն գործում էր, ձեր ուժը իսկի ծնված էլ չէր: Դուք եք կեղծիքների նախահայրը, դուք ինչ բարոյականությամբ եք նման հայտարարություն անում մեր հասցեին: Ստախոսը դուք եք, պարոն Զուրաբյան, այս ամբիոնից ինչ անիմաստ հայտարարություն ասես, անում եք, այդ աստիճան իրավագիտական տգիտություններ մի ասեք: Առաջարկներ եք ներկայացնում ու հետո թռնում Իրկուտսկ, թե Յակուտսկ ու մոռանում քննարկման մասին: Մենք, ի տարբերություն ձեզ, ձգտելու ենք, որ մեր երազանքը կերտվի, ունենանք հզոր հայրենիք»:
Սոսե Չանդոյան