Իրաքյան ուժերն ազատագրել են Բայջի քաղաքը
International newsԻրաքի կառավարական ուժերը շիական խմբավորումների հետ միասին «Իսլամական պետությունից» ազատագրել են Բայջի քաղաքը: Այս մասին տեղեկացրել է «Ալ Արաբիան»: Իրաքյան ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել բնակելի բոլոր տարածքների վրա: Պաշտոնական Բաղդադը դեռ տեղեկություններ չի հրապարակել այս մասին:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը հայտարարել էր, որ իրաքյան օդային ուժերը հաջողությունների են հասել Բայջիում:
Քաղաքն ահաբեկիչների ձեռքում հայտնվել էր մեկ տարի առաջ:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: