Թուրքիայի նախագահն անակնկալ հանդիպում է ունեցել հաղթած ընդդիմության ներկայացուցչի հետ
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը անակնկալ հանդիպում է ունեցել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցչի` Դենիզ Բայքալի հետ:
France 24-ը նկատում է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում կոալիցիա ձևավորելու անհրաժեշտության ֆոնին: Աղբյուրի տեղեկություններով` հանդիպման մասին նախապես չի ծանուցվել, հանդիպումը տևել է 2 ժամ: Կուսակցության նախկին 76-ամյա առաջնորդը ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Էրդողանի խնդրանքով:
Հանդիպումից հետո Բայքալն ասել է, թե ինքն ու Էրդողանը «բաց են կոալիցիայի ցանկացած ձևերի համար»:
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը կորցրել էր իր մեծամասնությունը Թուրքիայի խորհրդարանում: Աղբյուրը նկատում է, որ ընտրություններից հետո մինչ այժմ Էրդողանը չի խոսել դրանց արդյունքների և անելիքների մասին: