Անկարան սպառնում է վերադարձնել՝ Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող Եվրախորհրդարանի զեկույցը
PoliticsԵվրոպական խորհրդարանը հունիսի 10-ի լիագումար նիստին ընդունել է Թուրքիայի առաջընթացի մասին 2014 թվականի զեկույցը, որով այդ երկրի կառավարությանը կրկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնական Անկարան սպառնում է այն ետ վերադարձնել՝ առանց բացելու:
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը զեկույցն անընդունելի է անվանել և հայտարարել, որ առանց բացելու հետ կուղարկեն այն:
Թուրք նախարարը նշել է, որ «ԵԽ բանաձևը 1915-ի իրադարձությունների մասին» իբր թե վերջին պահին են ավելացվել Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ զեկույցում:
«Այդ հղման պատճառով մենք անընդունելի ենք համարում այս զեկույցը», - ասել է նա՝ հավելելով, թե Թուրքիան երբեք չի ընդունել և չի ընդունի 1915-ի իրադարձությունների որակումը որպես ցեղասպանություն:
ԵԽ ընդունած զեկույցն ընդհանուր առմամբ բացասական է գնահատում Թուրքիայի առաջընթացը, մասնավորապես, մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության, փոքրամասնությունների իրավունքների ոլորտներում, ինչպես նաև՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանի դեմ և Կիպրոսի Հանրապետության չճանաչումը:
Զեկույցի ներածականում է հղում արվում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին»:
Սա առաջին անգամն է, որ 2005 թվականից ի վեր ԵԽ զեկույցում վկայակոչվում է Հայոց ցեղասպանության հարցը: Հենց այդ թվականին էր, որ Թուրքիան դարձավ Եվրամիության անդամության թեկնածու՝ մի շարք պարտավորություններ ստանձնելով ԵՄ-ի առջև:
Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է Եվորպայի խորհրդարանի այս քայլը և ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը նորից ցույց տվեց, որ չի ենթարկվում Թուրքիայի ճնշումներին և Թուրքիայի՝ Եվրամիության գործերով նախարար Վոլքան Բոզքըրի սպառնալիքներին: