ԱՄՆ-ը նշել է «Իսլամական պետության» ջախջախման ժամկետը
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու համար միջազգային կոալիցիային կպահանջվի մինչեւ տասը տարի: Այդ մասին ԱՄՆ-ի ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Ռեյ Օդիեռնոն հայտնել է CBS News-ին տված հարցազրույցում:
«Դա երեք, հինգ, յոթ կամ տասը տարվա խնդիր է, այն անկարելի է լուծել մեկ գիշերվա ընթացքում: ԱՄՆ-ը չի կարողանա միայնակ հաղթել ԻՊ-ին: Մենք միայն կարող ենք օգնություն ցուցաբերել»,- ասել է գեներալը, նշելով, որ ծայրահեղականների դեմ պայքարը պետք է ակտիվացնեն նախ եւ առաջ արաբական երկրները, մասնավորապես, Իրաքը: Նրա խոսքով՝ Բաղդադը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այնպիսի «մարտիկներ պատրաստելուն, որոնք պատրաստ են մարտնչել իրենց երկրի համար»:
Ավելի վաղ Պենտագոնում հայտնել են, որ Վաշինգտոնը ԻՊ-ի դեմ գործողության համար ծախսել է 2,7 մլրդ դոլար: Ինչպես հաղորդել է Associated Press-ը, պայքարի յուրաքանչյուր օրը միջին հաշվով արժե շուրջ 9 մլն դոլար:
«Իսլամական պետությունը» իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է, որը գործում է Իրաքի եւ Սիրիայի տարածքում: Խմբավորումն ստեղծվել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին սուննիների 11 արմատական կազմավորումների միաձուլման արդյունքում՝ Իրաքում «Ալ Քաիդայի» ստորաբաժանման գլխավորությամբ: Ահաբեկիչները նպատակ են դրել գրավել Իրաքի սուննիաբնակ մասը եւ այն վերածել ռազմականացված իսլամական պետության:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գնահատմամբ՝ ԻՊ-ի օտարերկրյա վարձկանների թվաքանակը հասնում է 31,5 հազարի: Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի վարչակազմի ղեկավար Ֆուադ Հուսեյնը 2014 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ ԻՊ-ի զինյալների թիվը կազմում է 200 հազար:
ԻՊ-ի կողմում կռվում են ծայրահեղականներ 80 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Մարոկոյից, Սաուդյան Արաբիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից: Խմբավորումն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված ԱՄՆ-ում, Կանդայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ռուսաստանում: