ԵԽ-ն կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իլգար Մամեդովին
International newsԵվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը հերթական անգամ կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ադրբեջանցի ակտիվիստ Իլգար Մամեդովին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը: ԵԽ նախարարների խորհուրդը հիշեցրել է Մամեդովի գործով Ադրբեջանի կողմից իրավախախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2014 թվականին կայացրած որոշումը՝ նշելով, որ ադրբեջանցի ակտիվիստը պետք է անհապաղ ազատ արձակվի:
Խորհրդի անդամները հայտնել են, որ խնդրին կվերադառնան նաև 2015 թվականի սեպտեմբերին, եթե մինչև այդ պաշտոնական Բաքուն հստակ քայլեր ձեռնարկած չլինի Մամեդովի ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել է 2013 թվականի փետրվարի 4-ին Իսմայիլլիում անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Դատարանը 2014 թվականի մարտին նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման: Նույն տարի մայիսին ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել այն մասին, որ Ադրբեջանը ոտնահարել է Մամեդովի իրավունքները և պահանջել էր նրան վճարել 22 հազար եվրո փոխհատուցում: