Պուտինն ու Էրդողանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի. Պեսկով
International newsՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են ապրանքաշրջանառությունը մինչեւ 100 մլրդ դոլարի հասցնելու մտադրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Էրդողանն ու Պուտինը քննարկել են նաեւ «Թուրքական հոսքն» ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Նրանք կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտների շուրջ՝ նշելով հարաբերություններում դրական տեղաշարժը, թեեւ ընդունել են, որ 2014թ. ապրանքաշրջանառության ծավալները նվազել են։ Հիմնականում դա պայմանավորված է ընդհանուր ճգնաժամային երեւույթներով։ Նրանք հաստատել են նախկինում հայտարարած նպատակին հավատարիմ մնալու որոշումը, այն է՝ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։
Նրանք նաեւ մանրամասն քննարկել են ԱԷԿ շինարարության թեմատիկան եւ տարբեր խոշոր նախագծեր։ Կարծիքներ են փոխանակել հիմնական գործող միջազգային հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության հարցով»,- ասել է Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ Պուտինն ու Էրդողանը բանակցություններ էին վարել հունիսի 13-ին Բաքվում։ Հանդիպումը եղել էր դռնփակ։