«Մենք ռեալիստ ենք, այլ ոչ իլյուզիոնիստ». ԲՀԿ-ական պատգամավորը` իշխանափոխության մասին
PoliticsՎերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ տվյալ քաղաքական ուժի պատգամավորների պահվածքում եւ դրսեւորումներում մի տեսակ փոփոխություն է նկատվում: Նախկինում քաղաքական շոուների սիրահար ԲՀԿ-ն, կարծես փորձում է վերադառնալ իր հին դիրքերին: Սակայն հետաքրքիր է, թե արդյո՞ք ԲՀԿ-ականների ակտիվությունը պայմանավորվա՞ծ է ժամանակին նրանց կողմից որդեգրած քաղաքական հայացքների փոփոխությամբ:
Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն մնում է այն պնդմանը, որ Հայաստանում չպետք է իրականացվեն Սահմանադրական բարեփոխումներ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց. «Սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր մոտեցումը նույնն է, որեւէ փոփոխություն չկա»:
Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանրահավաքներին մասնակցելու եւ հակաիշխանական այլ ակցիաների վերաբերյալ էլ Վ. Բաբայանն ասաց. «Մենք ներկա ենք լինում բոլոր այն բողոքի ակցիաներին, որոնք բխում են հասարակության շահերից: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ես չեմ ցանկանում քաղաքականացնել: Նա, իշխանության դեմ պայքարի հետ կապված, իր պատասխանին հավելեց. «Մենք ռեալիստ ենք եւ ոչ իլյուզիոնիստ»»:
Այն ճշտմանը, թե արդյո՞ք նախկին ԲՀԿ-ն իլյուզիոնիստ էր, որ պայքարում էր իշխանափոխության համար, Վ. Բաբայանը պատասխանեց ․ «Ես խոսում եմ այս պահի մասին, քանի որ հիմա մենք այլ ռեսուրսներ ունենք, իսկ նախկինում նրանք այլ էին»:
Խոսելով ֆինանսական ռեսուրսների մասին, ԲՀԿ պատգամավորն ասաց, թե իրենց կուսակցությունը ֆինանսական աջակցություն է ստանում բացառապես ԲՀԿ-ական հարուստ պատգամավորներից եւ կուսակցության այլ անդամներից.«Բարգավաճ Հայաստանն» ունի բազմաթիվ հարուստ պատգամավորներ եւ կուսակցականներ, որոնք կարող են իրականացնել նման գործառույթներ, ունենք նաեւ շարքային կուսակցականներ, որոնք կարող են ֆինանսապես օգտակար լինել մեր կուսակցության կայացմանը»:
Հարուստ պատգամավորներ ունենալն, իհարկե վատ բան չէ, սակայն թե ովքե՞ր են դրանք, Բաբայանը չցանկացավ թվարկել.«Ես պատգամավորների թվարկությամբ չեմ զբաղվում, դուք ինքներդ ավելի լավ գիտեք, թե ովքեր են այդ մարդիկ: Նրանք պատգամավորական մանդատից բացի, կապիտալ ունեցող մարդիկ են, որոնք կարող են որոշակի ավել գումար ունենալ իրենց աշխատավարձից զատ: Ես չեմ խոսափում հարցին պատասխանել, բայց չեմ ուզում նաեւ անձնավորել»:
Սոսե Չանդոյան