Պուտին-Էրդողան հանդիպումը Բաքվում մեկնարկել է սկանդալով
International newsԵվրոպական խաղերի բացման արարողությանը հետևելու նպատակով Բաքու մեկնած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մեկնարկել է լարված, փոքր-ինչ սկանդալային միջադեպով, որն ի սկզբանե դուրս է մնացել շատ լրատվականների ուշադրության կենտրոնից:
Ռուսական «Կոմերսանտ»-ը ներկայացրել է Պուտին-Էրդողան հանդիպման մանրամասները` բացահայտելով, որ այն կարող էր առանց մեկնարկելու չեղյալ հայտարարվել:
Խաղերի բացման արարողությանը հաջորդած առավոտյան նախատեսված էր երկու նախագահների հանդիպումը, որը պետք է կայանար այն հյուրանոցում, որտեղ իջևանել էր Թուրքիայի նախագահը: Ինչ-որ պահի հյուրանոցի բանակցային սրահում է հայտնվում Էրդողանն իր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և պատվիրակության մի քանի այլ ներկայացուցիչների հետ: «Դա, մեղմ ասած, անսպասելի էր. չկար ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլև ռուսական պատվիրակության և ոչ մի անդամ: Էրդողանը նայեց շուրջը՝ թերևս իր գործընկերոջը փնտրելով և, չգտնելով նրան, մռայլվեց: Իրադրությունը շարքայինների ց չէր: Դա արարողակարգի լիակատար տապալում էր, ընդ որում, թուրքական արարողակարգի. նրանք կանչել էին իրենց շեֆին բանակցությունների սրահ, երբ Պուտինն անգամ դուրս չէր եկել իր հյուրանոցից»,- գրում է ռուսական լրատվամիջոցի լրագրողը: Նա պատմել է, թե ինչպես կարճ ժամանակ անց սրահ են մտել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, իսկ նրանց հետևից նաև «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Լավրովի ողջույնին Էրդողանը պատասխանել է շատ սառը ձևով, իսկ ՌԴ արտգործնախարարը շատ ակտիվ շարունակել է զրուցել` ստանալով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի դրական արձագանքը: Քիչ անց, նրանք մի կողմ են գնացել և զրույցը շարունակել են երկուսով: «Զրույցի ընթացքում Չավուշօղլուն շատ էր ծիծաղում և թփթփացնում Լավրովի ուսին ու կարծես թե մոռացել էր, որ իր ղեկավարն այդտեղ անհարմար վիճակում է: Ինչ-որ պահի վերջինիս նյարդերը տեղի տվեցին, և նա արագ դուրս եկավ սենյակից»,- գրում է լրագրողը` փաստելով, որ իրավիճակը սկանդալային էր:
Կարճ ժամանակ անց Էրդողանը ներս է մտել` այս անգամ այլ դռնից: Երեք րոպե անց ի վերջո ներս է եկել Պուտինը, ում Թուրքիայի նախագահը ողջունել է առանց մի բառ արտասանելու: Նույն կերպ նստել է բազմաթոռին, ինչից հետո լրագրողների ներկայությամբ երկու նախագահները շարունակել են մնալ այդ վիճակում՝ առանց որևէ բառ անգամ արտաբերելու:
Ի վերջո Էրդողանի նյարդերը կրկին տեղի են տվել, և նա իր հակասական վերաբերմունքն է արտահայտել այն փաստի առնչությամբ, որ Եվրամիության անդամ և ոչ մի երկրի ղեկավար Բաքվի խաղերի բացման արարողությանը ներկա չէ: Դրան ի պատասխան Պուտինն ասել է. «Ոչինչ, փոխարենը Թուրքիան` որպես ԵՄ անդամ դառնալու թեկնածու երկիր ներկայացրել է ողջ Եվրամիությունը»: «Դա կոպիտ հնչեց. ակնհայտ է, որ մի երկրի նախագահ, որն այսքան տարի փորձում է մտնել ԵՄ, հիվանդագին է մոտենում խնդրին»,- գրում է լրագրողը` նշելով, որ, ի պատասխան, Էրդողանը հայտնել է. «Մենք գործընթացի մեջ ենք»: