Աֆղանցի թալիբները կոչ են արել «Իսլամական պետությանը» չխանգարել ջիհադին
International news«Թալիբան» շարժման ներկայացուցիչը դիմել Է «Իսլամական պետության» զինյալներին՝ կոչ անելով «զուգահեռ ջիհադ» չմղել Աֆղանստանում, տեղեկացնում Է BBC-ը:
ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին հասցեագրված նամակում ասված Է, որ «ամերիկացիների եւ նրանց դաշնակիցների դեմ մղվող սրբազան պատերազմը» կարող Է հաջողություն ունենալ միայն մեկ դրոշի եւ մեկ առաջնորդի ղեկավարության ներքո:
Նամակը, որը հրապարակվել Է «Թալիբան»-ի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսում, ստորագրել Է թալիբների առաջնորդներից մեկը՝ Մուլլա Ահթար Մոհամադ Մանսուրը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում թալիբները քանիցս պարտություն են կրել տեղային իսլամիստական խմբավորումներից, որոնք մարտնչում են «Իսլամական պետության» դրոշի ներքո:
Անցած շաբաթվա վերջին հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Աֆղանստանի արեւելքում մարտեր են մղվում իսլամիստական երկու խմբավորումների կողմնակիցների միջեւ. մարտերն այնքան լուրջ են, որ հարյուրավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները:
Հունիսի սկզբին հաղորդվել Էր, որ ԻՊ-ի զինյալները գլխատել են «Թալիբան» շարժման տասն ակտիվիստների:
Դրա հետ մեկտեղ Աֆղանստանի հյուսիսում թալիբների եւ «Իսլամական պետության» ուժերը միասին կռվում են կառավարական զորքերի դեմ:
Երկրում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Ջոն Քեմփբելն անցած ամսին հայտարարել Է, որ ԻՊ-ի կողմնակիցներն ակտիվորեն մարտիկներ են հավաքագրում Աֆղանստանում: