Եվրահանձնաժողովը 3,4 մլն եվրո կհատկացնի Վրաստանին ջրհեղեղի հետեւանքները վերացնելու համար
International newsԵվրահանձնաժողովը 3,4 մլն եվրո կտրամադրի Վրաստանին ջրհեղեղի հետեւանքները վերացնելու համար: Այդ մասին ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:
«Ի պատասխան Թբիլիսիում ուժգին, մահաբեր ջրհեղեղի՝ Եվրահանձնաժողովը հօգնություն Վրաստանի իշխանությունների լրացուցիչ միջոցներ կտրամադրի առավել անհետաձգելի հետեւանքների դեմ պայքարում: Հասանելի կլինի մինչեւ երեք միլիոն եվրո»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այդ միջոցները կօգտագործվեն Թբիլիսիում այն ընտանիքներին օգնելու համար, ովքեր տարերային աղետի հետեւանքով կորցրել են իրենց տները: Գումարը ԵՀ-ի կողմից հատկացվելու է որպես բյուջետային աջակցություն Վրաստանին:
ԵՀ-ն նաեւ որպես հումանիտար օգնություն 400 հազար եվրո կտրամադրի առավել տուժած ընտանիքներին: Այն կներառի պարենամթերք, վերմակներ, սննդի պատրաստման սալօջախներ, ջուր, սանիտարական եւ բժշկական օգնություն: Այդ միջոցները կտրամադրվեն նաեւ Վրաստանի Կարմիր խաչին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են հաղթահարել Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքները:
Ուժգին տեղատարափը, որն ուղեկցվել է կարկուտով ու քամիով, Թբիլիսին պատուհասել է հունիսի լույս 14-ի գիշերը: Տարերքի մոլեգնելու հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր եւ ենթակառուցվածքը: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 19 մարդ, վեց բնակիչներ անհայտ կորած են համարվում: Մի քանի հարյուր փրկարարներ, ոստիկաններ, զինվորականներ ու կամավորներ երրորդ օրն է՝ աշխատում են աղետի հետեւանքների վերացման համար:
«Ես խնդրում եմ նախագահին պետական հատուկ շքանշաններով պարգեւատրել բոլոր այն փրկարարներին, ոստիկաններին ու կամավորներին, ովքեր հերոսություն են դրսեւորել վերջին օրերին: Ես միջնորդությամբ նախագահին կդիմեմ այն բանից հետո, երբ կներկայացնեմ այդ մարդկանց ցուցակը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին հունիսի 16-ին ելույթ ունենալով ճգնաժամերի կառավարման խորհրդի նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: